«Վերածնվող Հայաստանը» դատապարտում է Գորիսի և Քաջարանի համայնքապետների հետապնդման փորձերը

Կուսակցությունում ընդգծում են, որ «շինծու և անհիմն գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում են և ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունեն»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է իր վարչության անդամների՝ Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ սկսված ապօրինի հետապնդման փորձերը։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել Facebook–ի իր էջում։

Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը մշտական անհանգստության տեղիք է տալիս. Փաշինյան

«Օրինականության սկզբունքի հետ առնչություն չունեցող, շինծու և անհիմն գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում են և ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունեն»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս ձեռագիրը կեղծ քրեական գործերի նոր ալիքի վկայությունն է, որով ապիկար իշխանությունները փորձում են խուսափել մոտալուտ արդարադատությունից և շեղել հանրության ուշադրությունը՝ երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրներից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խուզարկություն է կատարվում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Փարամազյանին բերման են ենթարկում ԱԱԾ։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին բերման էր ենթարկվել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։

Նա հրաժարվել էր ցուցմունք տալուց, ու ժամեր անց ազատ էր արձակվել։