ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik.Հայաստանի իշխանությունը ցնցումներից հետո պետք է վերականգնի պետությունը։ Ռուսաստանցի սենատոր, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը նման կարծիք է հայտնել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ։
Նա ռուս սահմանապահների ներկայությունը տարածաշրջանում նոր արյունահեղությունը կանխելու երաշխիք է համարում։
Արտաքին անվտանգության ապահովումը հնարավորություն կտա զբաղվել ներքին խնդիրներով։ Ջաբարովը հույս ունի, որ ընտրություններից հետո իշխանությանը կհաջողվի վերականգնել քաղաքական հավասարակշռությունը երկրում, ապահովել հասարակության համար նորմալ կյանք:
Քաղաքագետ, պատմաբան Արմեն Գասպարյանն իր հերթին ասաց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնք առաջին հերթին վերաբերում են երկրում իշխանությունը կառուցվելուն:
«Կա ընդդիմության գործոնը, կա Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու, խորհրդարան մտնելու գործոնը։ Ի՞նչ սխեմա կլինի այնտեղ: Արդյո՞ք նա պայմանականորեն կմասնակցի քաղաքական կյանքին, թե պարզապես կտորպեդահարի բոլոր որոշումները։ Սա շատ կարևոր պահ է», - ասաց Գասպարյանը։
Նա նշել է, որ այս և այլ հարցերի մասին այսօր քչերն են ցանկանում մտածել` ընտրություններում Փաշինյանի հաղթանակի հետ կապված էյֆորիայի պատճառով։
Քաղաքացիները պետք է կարգուկանոնի նոր որակ տեսնեն. Փաշինյանն այցելել է ՊՊ ծառայություն
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել է գրեթե 54 տոկոս, ինչը կուսակցությանը հնարավորություն է տալիս միայնակ կառավարություն ձևավորել։ Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը պետք է տեղի ունենա հուլիսի 26-ին։ Ազգային ժողովն իր հերթին կընտրի վարչապետին։