«Փաշինյանը հիմա նենգաբար մուռ է հանում». Վահե Հակոբյանը` խուզարկությունների մասին

Վահե Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է խուզարկությունների նպատակների մասին` հիշեցնելով, որ Քաջարանը միակ քաղաքն է, որտեղ ընտրություններում հաղթել է «Հայաստան» դաշինքը ու պարտվել «Քաղաքացիական պայմանագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացված խուզարկությունը, աշխատակիցներից մեկի ձերբակալությունն ու Քաջարանի քաղաքապետին բերման ենթարկելու փաստը քաղաքական հետապնդման հերթական օրինակներն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

«Քաջարանը միակ քաղաքն է, որտեղ հաղթել է «Հայաստան» դաշինքը ու պարտվել է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Համոզված եմ, որ ներկա իշխանությունները քաղաքական վենդետա են իրականացնում»,- ասաց նա։

Պատրաստ եմ դատվել, միայն թե մեր ժողովրդին ամեն օր այգուց չտանեն, վախեցնեն. Առուշանյան

Հակոբյանի խոսքով` իրավապահները խուզարկել են պղնձամոլիբդենային կոմբինատի մի քանի աշխատասենյակները, աշխատակիցներից մեկի ու Քաջարանի քաղաքապետի բնակարանները։ Կոմբինատի աշխատակիցներից մեկին ձերբակալել են։

Թե ինչ քրեական գործի շրջանակում են Քաջարանի համայնքապետ Մանվել Փարմազյանին բերման ենթարկել, դեռևս հայտնի չէ։ Այս պահին նրան տեղափոխում են Երևան։

«Կոմբինատի խուզարկության արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել։ Որքան հասկանում եմ հարուցված քրեական գործը չի վերաբերում կոմբինատին կամ մասամբ է վերաբերում»,- նշեց Հակոբյանը։

Սյունիքի նախկին մարզպետի կարծիքով` օրվա իշխանությունը մի կողմից հրապարակավ հայտարարում է համերաշխության մասին, մյուս կողմից գործի է դրել «պողպատե մուրճը» և թիրախավորված, շինծու քրեական գործերով փորձում է պատժել բոլոր նրանց, ովքեր իրեն մերժել են։

«Սյունիքի համայնքապետներն առաջինն են մերժել այս իշխանություններին, առաջինն են փակել ճանապարհը, ինքը հիմա նենգաբար մուռ է հանում պարզապես»,- հավելեց Հակոբյանը։

Եթե չլինի Սյունիքը, տապանաքար կարող ենք դնել Հայաստանի վրա. Քաջարանի քաղաքապետ

Հիշեցնենք` երեկ բերման էր ենթարկվել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը Քարահունջի վարչական ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի։

Նշենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը «Հայաստան» դաշինքի» անդամների նկատմամբ իրականացվող գործողությունները դատապարտող հայտարարություն էր տարածել։ Հակոբյանի խոսքով` շուտով կլինի նաև դաշինքի հայտարարությունը։