«Նոայի» հաղթական նորամուտը Կոնֆերենցիաների լիգայում. հայկական թիմը հաղթեց ֆինլանդականին

ՈւԵՖԱ-ի հովանու ներքո առաջին անգամ անցկացվում է Կոնֆեդերացիաների լիգայի մրցաշարը։ Հայկական 3 ակումբներ այսօր հանդես կգան այս մրցաշարում։ Առաջինը մեր թիմերից որակավորման փուլում իր հանդիպումն անցկացրեց «Նոան»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Երևանի «Նոան» Հանրապետական մարզադաշտում Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլի առաջին խաղում նվազագույն` 1։0 առավելությամբ հաղթանակի հասավ Ֆինլանդիայի ներկայացուցիչ «ԿուՊՍ» թիմի նկատմամբ։

«Նոան», ըստ էության, նոր ձևավորվող թիմ է, քանի որ Հայաստանի փոխչեմպիոնի կազմում 2021/22 մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ։ Իհարկե, նման կարգի թիմերում խնդիրը ֆուտբոլիստների համագործակցության հետ է կապված։ Եվ այդ գործոնը խանգարեց «Նոային» իրեն բնորոշ հարձակողական ֆուտբոլ ցուցադրելու գործում։ «ԿուՊՍ»-ի հետ անցկացրած խաղի առաջին կեսում մեր թիմը շատ ոգևորված սկսեց, բայց խաղի մեկնարկից 10-15 րոպե հետո մրցակցին հաջողվեց հավասարեցնել այն ու ինչ -որ տեղ էլ հայկական թիմին պարտադրել իր նախընտրած խաղային տեմպը։

Եվրո-2020. եզրափակիչում Անգլիան կմրցի Իտալիայի հավաքականի հետ

Քանի որ այս մրցաշրջանում ՈւԵՖԱ-ն չեղյալ է համարել մրցակցի հարկի տակ խփած գնդակի առավելությունն ընդհանուր հավասար արդյունքի դեպքում, դա հնարավորություն է տվել որոշակիորեն փոխել խաղի հոգեբանությունը։ Դաշտի տերերը նման իրավիճակում կարող են ավելորդ ուշադրություն չբևեռել սեփական դարպասն անառիկ պահելու վրա` ձգտելով անպայման հաղթել սեփական հարկի տակ։ Մինչև ընդմիջում «Նոան» ընդամենը մեկ անգամ «սպառնաց» մրցակցի դարպասին, նույնքան անգամ էլ հաջողությանը մոտ էր «ԿուՊՍ»-ը։

Երկրորդ կեսում խաղի տեմպը մի փոքր բարձրացավ։ Կարծես թե մրցակիցներն արդեն զգացին մեկմեկու ուժեղ ու թույլ կողմերը։ Բայց միևնույնն է` գոլային պահերով թիմերն աչքի չէին ընկնում։ Ի վերջո «Նոան» կարողացավ հասնել արդյունքի, բայց այդ գործում մեր թիմին «օգնեց» Անտոն Պոպովիչը, որը գլխի գեղեցիկ հարվածով դարձավ ինքնագոլի հեղինակ Սանա Գոմեսի եզրային փոխանցումից հետո։

Գոլից հետո խաղի հիմնական ժամանակի ավարտին դեռևս 12 րոպե կար, ու կարելի էր սպասել, որ ոգևորության ալիքի ներքո «Նոան» կփորձի զարգացնել հաջողությունը։ Եվ իրոք, հայկական թիմն ակտիվացավ, սկսեց ավելի սպառնալ մրցակցի դարպասին, բայց ավելիին հասնել չկարողացավ։

Զվարճալի դեպք Եվրո-2020-ում․ իտալացի ֆուտբոլիստին խաղադաշտ չէին թողնում․ տեսանյութ

Հուլիսի 8-ին ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն հայկական մյուս ակումբները։ Երևանի ժամանակով ժամը 22։00-ին կմեկնարկի «Ֆեհերվար» - «Արարատ» հանդիպումը, իսկ 22։45 –ին «Ուրարտուն» Սլովենիայում կսկսի իր խաղը «Մարիբորի» հետ։