Կորոնավիրուսով վարակվելու թվերն աճում են. արտասահմանցիները կպատվաստվեն նոր կարգով

Նախարարությունում որոշում է կայացվել այն մասին, որ այսուհետ պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները, իսկ արտասահմանցիների պատվաստումները կիրականացնեն միայն շրջիկ կետերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը Հայաստանում վերջին օրերին դարձյալ աճում է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Հաշվապահի քույրը հո չի՞ խաբում…». ահա թե ինչու են մարդիկ խուսափում պատվաստվելուց

«Դա մեզ ևս մեկ անգամ կարմիր լույսով զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնենք պատվաստումների գործընթացը արագացնելու վրա»,– ասաց նա։

Ավանեսյանը հայտնեց, որ այս պահին Հայաստանում արդեն կատարվել է 97711 պատվաստում։ Դրանից 5416–ը կատարվել է երեկ։

«Սա բավական լավ ցուցանիշ է, և մենք այս տեմպը պետք է պահպանենք։ Եթե 2-3 շաբաթ առաջ մենք մինչև 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա այսօր արդեն նկատելի է աճի տեմպը»,– ասաց նա` հավելելով, որ սա խոսում է նաև քաղաքացիների մոտ վստահության բարձրացման մասին։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ օրական 5000 պավաստման ցուցանիշն այլևս չնվազի և առնվազն մնա նույն մակարդակին։

Ինչ վերաբերում է Հայաստանում արտասահմանցիների պատվաստումների գործընթացին, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ քանի որ նրանց թիվը մեծ է, նախարարությունում որոշում է կայացվել, որ այսուհետ պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները, իսկ արտասահմանցիների պատվաստումները կիրականացնեն միայն շրջիկ կետերը։

Պատվաստման հավաստագրերը չե՞ն ճանաչվում. ինչ խնդրի առաջ կարող ենք կանգնել արտերկիր գնալիս

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 186 նոր դեպք է գրանցվել։