Թուրքական ռազմաբազա Ադրբեջանո՞ւմ. ռուս փորձագետներն Անկարային սթափության կոչ են անում

Տեսականորեն Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայման վտանգ կա, բայց հազիվ թե իրականում Անկարան ցանկանա փչացնել հարաբերությունները հյուսիսային մեծ հարեւանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի -Sputnik. Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծումը, հասկանալի պատճառներով, Ռուսաստանի բացասական արձագանքի կարժանանա։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։

Փաշինյանը շատ ծանր դաս է ստացել․ հայ և ռուս փորձագետները վերլուծում են նրա մոսկովյան այցը

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունը մի քանի անգամ խոսել է թուրքական բազայի կառուցման մասին։ Մասնավորապես՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ այդ թեմային անդրադարձել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ջաբարովը հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը Ռուսաստանի գործընկերն է ԱՊՀ- ում, նախկին «եղբայրական հանրապետությունը»: Եվ, անշուշտ, այդ երկրում ՆԱՏՕ-ի բազայի հայտնվելը խիստ բացասական կընկալվի։

Նա միաժամանակ կարծում է, որ դեռ կարելի է այդ թեմայով բանակցություններ վարել, քանի որ հազիվ թե Թուրքիան ցանկանա փչացնել հարաբերություններն իր մեծ հյուսիսային հարևանի հետ։ Նա կոչ է արել դիվանագետներին ավելի ակտիվ մասնակցել այդ հարցերի քննարկմանը։

Քաղաքագետ, պատմաբան Արմեն Գասպարյանն էլ իր հերթին կասկածում է, որ Բաքվում լրջորեն կդիտարկեն ռուս խաղաղապահների ազդեցության գոտում ինչ-որ սադրիչ գործողությունների հնարավորությունը։

«Տեսականորեն, իհարկե, կարելի է խոսել նման սցենարի հեռանկարների մասին, բայց կա 2008 թվականի օգոստոսի տխուր դասը»,- ասաց նա:

Հայաստանը կօգտվի՞ վետոյի իր իրավունքից, թե՞ Ադրբեջանը ՀԱՊԿ պաշտոնական գործընկեր կդառնա

Այնուամենայնիվ, Գասպարյանը ենթադրում է, որ Ադրբեջանում շատ լավ հասկանում են առաջացող ռիսկերի աստիճանը, ու դժվար թե դա Բաքվում հիմա ինչ-որ մեկին պետք լինի։ Ադրբեջանը պատերազմի արդյունքում ստացավ այն, ինչ ուզում էր։ Այս ֆոնին իմաստ չունի ավելորդ անգամ սրել իրավիճակն ինչ-որ ապակառուցողական գործողություններով։