ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik.Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ՝ քննության առնելու հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումներն ու հետագա առաջնահերթությունները։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
«Դեսպան Թրեյսին ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և հանձնառու է ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ գործակցությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանը նաև շեշտել է, որ կառուցողական ընդդիմության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հարգանքի կարևորությունը։
Ավելի վաղ Թրեյսին հանդիպել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպման ընթացքում Փաշինյանը կարևորել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արձագանքը ընտրությունների ու հետագայում հայ-ամերիկյան համագործակցության ուղղությունների վերաբերյալ: