ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը` Գրիգորի Խաչատուրովին ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,– նշված է հրամանագրում:
Նախագահի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ՀՀ նախագահը Խաչատուրովին պաշտոնից ազատել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկով։
Հիշեցնենք` երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դրա տակ ստորագրել էր նաև Գրիգորի Խաչատուրովը։ Մարտի 10-ին նա հայտարարություն էր տարածել` շեշտելով, որ կրկին պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Գեներալի հայրը` ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ անցնում էր «Մարտի 1»-ի գործով։
Հուլիսի 5-ին 168.am-ը գրել էր, որ Գրիգորի Խաչատուրովին փոխարինելու է Ջերմուկի զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը: