Հայաստանն առավելագույնս կփորձի էլեկտրաէներգիայով օգնել Իրանին

Երևանն Իրանին էլեկտրաէներգիա է մատակարարում «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում, ընդ որում` ծավալները տարբեր են` կախված տարվա եղանակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» պետական ձեռնարկության տնօրեն Մնացական Մնացականյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Հայաստանն Իրան կուղղի հնարավորինս շատ էլեկտրաէներգիա։

Ինչո՞ւ է Իրանը էլեկտրաէներգիա ներկրում Հայաստանից, և ի՞նչ կապ ունի նախկին նախագահը

Ավելի վաղ Իրանի էլեկտրաէներգետիկ արդյունաբերության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբ Ռաջաբի Մաշհադին հայտարարել էր, որ Թեհրանը ամբողջ երկրում շարունակվող էլեկտրաէներգիայի անջատումների ֆոնին որոշել է էլեկտրաէներգիա ներմուծել Հայաստանից, Ադրբեջանից ու Թուրքմենստանից։

Մնացականյանի խոսքով` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանձնարարել է հնարավորինս մեծ ծավալների էլեկտրաէներգիա ուղղել Իրան։

«Այսպես թե այնպես ամռանը մենք նրանց ավելի շատ էլեկտրաէներգիա ենք ուղարկում, քան ձմռան ամիսներին` ելնելով նրանց սպառումից։ Այսինքն` գազ էլեկտրաէներգիայի դիմաց սխեմայով ձմռանն ու գարնանը կարող ենք ավելի շատ գազ ստանալ և ավելի քիչ հոսանք տալ, իսկ ամռանը` լրացնել։ Այնպես որ ամռանը մատակարարումներն այսպես թե այնպես աճում են», – հավելեց նա։

Նշենք, որ Հայաստանը Իրանից տարեկան մի քանի հարյուր միլիոն (սովորաբար 400-500) խմ գազ է ստանում, դրա դիմաց Հայաստանը 1 խմ–ի համար 3 կՎտժ էլեկտրաէներգիա է մատակարարում։ Գազը մատակարարվում է Երևանի, մասնակի` Հրազդանի ՋԷԿ–եր, որտեղ գազի յուրաքանչյուր խմ–ից 4-4,5 կՎտժ էլեկտրաէներգիա են ստանում։ Այդպիսով, Հայաստանին մնում է մի քանի հարյուր միլիոն կՎտժ ավելցուկ։

2020 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Իրանը պայմանավորվել էին ընդլայնել «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։