ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվող հայ մարզիկները վարչապետի խոստացած ծանրաձողերը կստանան մինչև շաբաթվա վերջ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։
«Հարգելի գործընկերներ, ծանրաձողերը 2 օրից, ամենաշատը` մինչև կիրակի օրը կլինեն ՀՀ–ում, և մեր մարզիկները կսկսեն գործածել։ Դրանք ճանապարհի մեծ մասն արդեն անցել են, ճանապարհին են»,–ասաց Դումանյանը` անդրադառնալով կառավարության նախորդ նիստւմ լայն քննարկման արժանացած խնդրին։
Ավելի ուշ, արդեն կառավարության նիստից հետո, Դումանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայաստան է ներկրվելու ոչ թե 7, այլ միանգամից 20 ծանրաձող, ինչպես խոստացել էր Փաշինյանը։
Հարցին, թե ինչն է պատճառը, որ նախորդ նիստում թիվը նվազեցվել էր, նախարարի պոշտոնակատարը պատասխանեց. «7-ն առաջարկվում էր որպես փուլային` առաջին խմբաքանակ։ Իսկ պատճառը, թե ինչու ոչ միանգամից 20-ը, ակնհայտ է` ֆինանսական»,– ասաց նա։
Հիշեցնենք, կառավարության հուլիսի 1-ի նիստում Դումանյանը հայտարարել էր, որ հայ մարզիկներին միջազգային չափորոշիչներին համապատասխանող մարզագույքով ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը լրացուցիչ 8,4 մլն դրամ գումար է հատկացնում` ծանրամարտի հավաքականի համար տղամարդկանց` 5 և կանանց` 2 ծանրաձողեր գնելու համար։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին այս հանգամանքը զայրացրել էր, քանի որ այն մասին, որ ՀՀ ծանրորդները մարզվում են միջազգային չափանիշներին չհամապատասխանող ծանրաձողերով, նա տեղեկացել էր դեռ ապրիլին` մարզիկների հետ հանդիպման ժամանակ։ Ուստի և նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց` ինչու է այսքան ուշացել գնումը։
Դումանյանն արդարացավ, թե վարչապետի հանձնարարականի գրավոր տեղեկանքը ինքն ստացել է միայն ապրիլի 30-ին, ու դրանով էլ ավել զայրացրեց Փաշինյանին։ «Ինչ է նշանակում` գրավոր ստացվել է։ Դուք և ձեր տեղակալն այնտեղ նստած եք եղել»,– ասաց Փաշինյանը` չլսելով նախարարի պաշտոնակատարի մեկնաբանությունը։
4 օր արձակուրդ, 5 օր վատ եղանակ. Փաշինյանին զայրացրեց օլիմպիականներին գույք չգնելու թեման
Փաշինյանը նույնիսկ կասկած հայտնեց, որ գնվող գույքը տեղ կհասնի միայն օլիմպիադայից հետո, և հանձնարարեց անել ամեն ինչ, որպեսզի 20 ծանրաձողերը օր առաջ հասնեն մարզիկներին։
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերը մեկնարկելու են հուլիսի 23-ին։