ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշին: Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Ըստ հաղորդագրության` դեսպան Թումանյանը, խոսելով երկու երկրների մշակութային ամուր կապերի մասին, ընդգծել է կինոյի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ ազգային ֆիլմերի ցուցադրության, համատեղ ֆիլմարտադրության, փառատոներին մասնակցելու և այլ աշխատանքների կազմակերպման համատեքստում:
«Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին կինոյի ոլորտում համագործակցության ուղղությամբ կատարված մեծ աշխատանքի կապակցությամբ՝ առանձնացնելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ֆարաբի» հիմնադրամի, «Ոսկե ծիրան» և «Ֆաջր» փառատոների, ինչպես նաև այլ կառույցների արդյունավետ համագործակցությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նրանք անդրադարձել են նաև ընթացիկ տարում տեղի ունենալիք կինոփառատոներին (Երևանում՝ «Ոսկե ծիրան», Սպահանում՝ «Մանկապատանեկան ֆիլմերի 34-րդ միջազգային փառատոն») փոխադարձ մասնակցության հնարավորությանը:
Զրույցի ընթացքում քննարկվել է իրանահայության ունեցած էական դերն իրանական կինոյում՝ կարևորելով այդ ուղղությամբ գնահատանքի միջոցառումների կազմակերպումը:
Իրանցի մի շարք գործարարներ հետաքրքվել են ՀՀ–ում ներդրումներ անելու հնարավորություններով