ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը շարունակում է քաղաքն ապօրինի օբյեկտներից մաքրելու գործընթացը, ինչպես հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, քաղաքային իշխանությունը սկսել է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Facebook–ում պարզաբանել է, որ տարհանվող կետերն իրականում շրջիկ չեն եղել, դրա համար էլ տարհանվել են։
Դրանք այդպես են կոչվում, քանի որ օրենքով այդ տեսակին են դասվում։
Օրենքով նախատեսված է, որ Երևանի ավագանին շրջիկ առևտրի կետերի համար հատուկ վայրեր պետք է սահմանի։ Նշված տեղերում գործունեություն ծավալելու համար շրջիկ կետերի սեփականատերերը պետք է գրանցվեն arevtur.yerevan.am կայքում։
«Չգրանցված շարժական կետերը կտարհանվեն՝ համապատասխան իրավական հետևանքներով հանդերձ»,– հայտարարում է Կուբատյանը։
Հիշեցնենք` Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։
Ինչպես են Դավթաշենում ապամոնտաժում ապօրինի կառույցները. տեսանյութ
Ապօրինի շինությունների հարցն առկա է նաև Երևանի մյուս վարչական շրջաններում։ Հատկապես վերջին օրերին Երևանում ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում։