ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ առարկայական քննարկումներ են ընթանում։ Այս մասին այսօր` հուլիսի 7-ին լրագրողներին ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Գիտեք, որ ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են: Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում արդեն տեղակայված են ռուս սահմանապահներ, որոնք օգնում են իրավիճակի կայունացմանը», - ասել է Կոպիրկինը:
Նրա խոսքով ՝ շատ կարևոր է այնպես անել, որ տեղի բնակիչները հնարավորինս հարմարավետ զգան իրենց համար նոր ու անսովոր պայմաններում:
Սահմանի երկայնքով, այդ թվում ՝ Գեղարքունիքում, սահմանապահների տեղակայման վերաբերյալ Կոպիրկինը նշել է, որ քննարկվում է ռուսական ներկայության ընդլանման հարցը։
«Այդ հարցի շուրջ ընթանում են առարկայական քննարկումներ և խորհրդակցություններ՝ ներառյալ գործնական առումով: Կարծում եմ, որ ամեն ինչ որոշվելու է Հայաստանի անվտանգության շահերից ելնելով, սահմանին կայունության ապահովման և եռակողմ պայմանավորվածությունների կատարման տեսակետից»,- ասել է դիվանագետը։
Հայ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն. ՌԴ դեսպան
Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ այժմ ընթանում են եռակողմ բանակցություններ՝ հայ–ադրբեջանական սահմանին` Գեղարքունիքից Սյունիք (ներառյալ Գորիսից հյուսիս գտնվող Խոզնավար գյուղի տարածքում) ռուս զինվորականների տեղակայման վերաբերյալ։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն էլ ասել էր, որ Գեղարքունիքի մարզում ռուս զինծառայողների տեղակայման շուրջ բանակցություններ իսկապես ընթանում են, բայց վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ռուս սահմանապահների տեղակայման հետ կապված նախապատրաստական հարցերը լուծվել են, բայց ադրբեջանական կողմը դեռ համաձայնություն չի տվել: