Պատվաստման հավաստագրերը չե՞ն ճանաչվում. ինչ խնդրի առաջ կարող ենք կանգնել արտերկիր գնալիս

Լրագրող Մարկ Գրիգորյանը բարձրաձայնել է պատվաստվելուց հետո արտերկիր գնալու ճանապարհին բախված խնդրի մասին։ Առողջապահության նախարարությունն արձագանքել է նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Լրագրող Մարկ Գրիգորյանն ահազանգել է, որ Հայաստանում «AstraZeneka»–ով պատվաստվելուց հետո փորձել է դրա QR կոդով Նորվեգիա գնալ, սակայն պարզվել է, որ Եվրոպան չի ընդունում այդ կոդը։ Գրիգորյանը Facebook–ի իր էջում այս մասին գրառում է արել` հավելելով, որ դրանից հետո երբ փորձել է հասկանալ, թե որն է պատճառը, պատկան մարմինները մեկը մյուսի մոտ են ուղարկել իրեն։

Հույս ունենք, որ «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածի աշխատանքը շուտով կհարթվի. Սինանյան

«Թվում էր` հարցը պետք է շատ պարզ ձևով լուծվի, և ես զանգեցի «Թեժ գիծ»։ Սակայն իմ զանգերին այդպես էլ պատասխանող չեղավ։ Հետո գնացի առողջապահության նախարարություն, որտեղ տվեցին Armed eHealth-ի հեռախոսահամարը, որն էլ տրամադրում է QR կոդերը։ Armed eHealth-ն ինձ ուղղորդեց դեպի առողջապահության նախարարություն»,–գրել է Գրիգորյանը։

Ի պատասխան առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել` ասելով, որ մեր երկրում առկա «AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից:

«Ներկայում ընթանում է նաև պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը, որի դեպքում ԵՄ երկրները կճանաչեն ՀՀ-ում տրվող պատվաստման սերտիֆիկատները, իսկ մենք` ԵՄ երկրներինը»,–նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

Միաժամանակ նախարարությունից հավելել են, որ վերոհիշյալ գործընթացով զբաղվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Պատրաստել ենք կանաչ անձնագրերի պլատֆորմը». Փաշինյանը նշել է ճամփորդելու պարտադիր պայմանը