Փաշինյանն ու Պուտինը փաստաթուղթ չեն ստորագրի. Դմիտրի Պեսկով

Սա Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն է խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կոպիրկինը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի մասին

Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում, արդեն տարածաշրջանում գտնվող ռուս զինծառայողների տեղակայման ու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Պեսկովը կարևոր է համարել Փաշինյանի այցը Ռուսաստան։ 

«Հանդիպումը Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված է օրվա երկրորդ կեսին։ Նախագահն ու վարչապետը հանդիպումը շարունակելու են աշխատանքային ճաշի շուրջ»,-ասել է Պեսկովը։

«Սա Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն է խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո. բավական վստահ, համոզիչ հաղթանակ»,-հավելել է նա։

Քննարկվում է Գեղարքունիքում ու Սյունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցը. ՌԴ դեսպանը

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։