ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ է Իրանը էլեկտրաէներգիա ներկրում Հայաստանից, և ի՞նչ կապ ունի նախկին նախագահը

Իրանագետ Գարիկ Միսակյանը կարծում է, որ այն, ինչ կատարվում է Իրանում, միանշանակորեն չարժե կոլապս համարել։
Sputnik
Ինչո՞ւ է Իրանը էլեկտրաէներգիա ներկրում Հայաստանից, և ի՞նչ կապ ունի նախկին նախագահը

Գարիկ Միսակյանի դիտարկմամբ` թեև Իրանի կառավարությունը շատ չի խոսում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդրի մասին, սակայն նշվում են մի քանի պատճառներ, որոնցից մեկն օրինակ առնչվում է նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ, երբ Իրանի էներգետիկ համակարգի զարգացման տեմպերը զգալիորեն զիջել են նույնիսկ նրա նախորդի` Մահմուդ Ահմադինեժադի օրոք էներգետիկ համակարգի զարգացման ցուցանիշներին։

«Վերջին տասը տարիների ընթացքում Իրանում մեծացել է էներգիայի սպառումը, սակայն կառավարությունը բավականաչափ լուրջ ծրագրեր չի իրականացրել սպառումը լիարժեքորեն ապահովելու ուղղությամբ և հիմնականում շեշտը դրել է ներմուծման վրա, մինչդեռ էներգիայի արտահանման հետ կապված խնդիրները տակավին մնացել են անլուծելի»,– Sputnik Արմենիային ասաց իրանագետը։

Միսակյանի խոսքով` իրանական էներգետիկ համակարգի մյուս զգայուն խնդիրը կապված է ջրի հետ, տարին բավականին սակավաջուր է, և ՀԷԿ–երից շատերը ամբողջ ներուժի չափով չեն աշխատում։ Ըստ նրա` Իրանում սոցիալական բողոքներն հիմնականում ունեն քաղաքական շեշտադրում կառավարությանը քննադատելու առումով և կրում են լոկալ բնույթ, գրանցվում են այն բնակավայրերում, որտեղ լինում են հոսանքի անջատումներ։

Ի՞նչ կլինի, եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկվեն. Վարդան Ոսկանյանի տեսակետը

Իրանագետի կարծիքով` նոր կառավարության առաջնահերթություններից մեկը պետք է լինի էներգետիկ խնդիրների կարգավորումը ու թեև պարզ չէ, թե դա ինչ կերպ կիրականացվի, բայց ներկա վիճակը միանշանակորեն չարժե կոլապս համարել, որովհետև Իրանը մեծ ռեսուրսներ ունի նման խնդիրները չեզոքացնելու համար։

Հիշեցնենք` Իրանի էլեկտրաէներգետիկական արդյունաբերության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբ Ռաջաբի Մաշհադին հայտարարել է, որ Իրանը որոշել է էլեկտրաէներգիա ներմուծել Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից:

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ 1000 մեգավատտ հզորությամբ երկու էլեկտրակայաններում էլեկտրաէներգիան անջատվել է: Անցած հանգստյան օրերին Իրանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, չի բացառվում, որ դա կարող է կրկնվել նաև շաբաթվա առաջին կեսին: Երկրի իշխանությունները քաղաքացիներին խնդրել են հնարավորինս նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը, հատկապես օրվա երկրորդ կեսին:

Իրանի նոր կոշտ նախագահը. Ռայիսին անպայման կսանձի Էրդողանի հավակնությունները