Հայ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն. ՌԴ դեսպան

Մոսկվան ի սկզբանե հանդես էր եկել «փոխանակում` բոլորը բոլորի դիմաց» դիրքորոշմամբ, սակայն հարցը կլուծի այնպես, ինչպես հնարավոր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձին ուղղված աշխատանքները, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում վերադարձնել բոլոր գերիներին

«Այդ հարցը ՌԴ ղեկավարության և խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջնահերթություններից մեկն է։ Մեր դիրքորոշումը հայտնի է, այն հնչել է ի սկզբանե` «փոխանակում` բոլորը բոլորի դիմաց»։ Բայց կլուծենք այնպես, ինչպես հնարավոր է», – ասաց Կոպիրկինը։

Նրա խոսքով` այդ ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն։

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին Հայաստան վերադարձավ հայ գերիների հերթական խումբը՝ 15 մարդ։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Ռուստամ Մուրադովը հայ գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել հայտարարությամբ

Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88-ն էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։ Ադրբեջանն ընդունում է, որ իր մոտ 45 հայ գերիներ կան։