ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik.Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, արձագանքելով համացանցի սոցիալական տիրույթում վերջին օրերին ծավալված քննարկումներին, Facebook-ի իր էջում տեղեկություններ է հրապարակել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված ու գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացիների մասին։
Ներկայացված տվյալների համաձայն՝ արցախյան 44–օրյա պատերազմում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի, որից 81-ը` քաղաքացիական անձինք։
81 քաղաքացիներից 42-ը զոհվել են ադրբեջանական զինուժի հեռահար հարվածներից ու դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցներից, 39-ը՝ ադրբեջանական գերության ժամանակ` ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի հետևանքով։
Վիրավորված քաղաքացիների թիվը 163 է, վիրավոր զինվորներինն այս պահին հայտնի չէ։
Արցախի Հանրապետությունից 83 անձ համարվում է անհետ կորած, 23-ը քաղաքացիական անձինք են։
Ադրբեջանական գերության մեջ գտնվող ու գերությունից վերադարձած 103 անձանցից Արցախի Հանրապետության քաղաքացիներ են 23-ը։