Գարեգին Բ–ն ապաքինման մաղթանքներ է հղել Հռոմի պապին ու ցավակցել Համայն Ռուսիո պատրիարքին

Կաթողիկոսն իր եղբայրական սերն ու ողջույններն է փոխանցել Հռոմի պապին, իսկ Կիրիլ պատրիարքին ցավակցել է ավիավթարի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը շուտափույթ ապաքինման մաղթանքներ է հղել օրեր առաջ վիրահատության ենթարկված Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Եղբայրական իր սերն ու ողջույնները փոխանցելով Ֆրանցիսկոս պապին՝ Վեհափառ Հայրապետը հայցել է երկնավոր տիրոջը պահել ու պահպանել Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետին՝ պարգևելով կենաց արևշատություն և արդյունավոր գահակալության բազում տարիներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կաթողիկոսը նաև ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքին՝ հուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։

Նորին Սրբությունը Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին փոխանցել է Հայոց եկեղեցու հոգևոր դասի և հայ ժողովրդի վշտակցությունը։

Նա հայցել է բարձրյալ տիրոջը երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել ողբերգության հետևանքով զոհվածների հոգիները։

Հիշեցնենք` Կամչատկայի Պետրոպավլովսկից Պալանա չվերթ իրականացնող օդանավում եղել է 28 մարդ՝ անձնակազմի վեց անդամ և 22 ուղևոր, այդ թվում՝ երկու անչափահաս և Պալանայի ղեկավարը։

Ան-26 ինքնաթիռի կործանման վայրից կադրեր են հրապարակվել. տեսանյութ

Ավիաաղետի երեք վարկած է դիտարկվում՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, տեխնիկական անսարքություն կամ օդաչուական սխալ։

Տարածաշրջանում եռօրյա սուգ է հայտարարվել։