ՀՀ ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ ԵՊՀ ռեկտոր նշանակելու մասին խոսակցություններն առնվազն տարակուսանք են առաջացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյան։
«Հովհաննիսյանը պրոֆեսորի կոչում չունի, հետևաբար ինքը, ըստ ԵՊՀ կանոնադրության, նաև ըստ բուհական և հետբուհական կրթության մասին օրենքի, չի կարող ղեկավարել ԵՊՀ-ն»,- ասաց նա։
Նրա խոսքով` իշխանության թեկնածուն նաև Բարձրագույն կրթության և գիտության մասին տխրահռչակ օրենքի համահեղինակներից է և այդ օրենքի գլխավոր լոբբիստը խորհրդարանում` մարդ, որը քայլեր է արել բուհերի ինքնավարության դեմ, հիմա պատրաստվում է գալ և ղեկավարել Մայր բուհը։
Բացի այդ, ըստ Էմին-Տերյանի, Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսությունը ևս բավական լուրջ կասկածներ է հարուցում։ Ասում է` առաջիկայում համալսարանականները կզբաղվեն դրանց վերհանմամբ։
«Պարոն Հովհաննիսյանի դոկտորի կոչումն էլ գուցե չեղարկվի, այդպիսի խոսակցություններ կան։ Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում, որ հոդվածները ճիշտ չեն հրատարակվել, ճիշտ ամսագրերում չեն հրատարակվել, թիվը չի բավականացնում և արտագրություններն ու կառուցվածքային խնդիրները բավականին շատ են այդ ատենախոսության մեջ»,- նշեց Էմին-Տերյանը։
ԵՊՀ մամուլի խոսնակի կարծիքով`Հովհաննիսյանին ռեկտոր նշանակելով՝ Հայաստանի իշխանությունը խնդիրը լուծելու փոխարեն փաստորեն ավելի է խորացնելու առճակատումը։
ԵՊՀ ուսխորհուրդը հրաժարվում է հոգաբարձուների խորհրդի ձևավորմանը մասնակցելուց
Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անդամից կազմված խումբը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են ուրբաթ օրը ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին: