Առուշ Առուշանյանն ազատ է արձակվել. նա հրաժարվել է ցուցմունք տալ

Առուշ Առուշանյանը բերման էր ենթարկվել ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Առուշանյանը չէր ձերբակալվել, նա բերման էր ենթարկվել։ Նրան հարցաքննել են վկայի կարգավիճակով, սակայն փաստացի գտնվում է կասկածյալի կարգավիճակում։ Այսինքն` հարցաքննել են կասկածի շրջանակներում»,–ասաց փաստաբանը։ Նա տեղեկացրեց, որ Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալ։

Պատրաստ եմ դատվել, միայն թե մեր ժողովրդին ամեն օր այգուց չտանեն, վախեցնեն. Առուշանյան

Ալեքսանյանն իրավական մարմինների այս քայլը որակեց Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում։

Փաստաբանը հավելեց նաև, որ Առուշանյանը բերման է ենթարկվել  ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։

Նշենք, որ փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ժամեր առաջ Facebook–ում գրել էր, որ Առուշ Առուշանյանին ձերբակալել են։

Հիշեցնենք` Առուշանյանը հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճնշում է գործադրում իր վրա, որպեսզի ինքը չխանգարի Սյունիքով անցնող Մեղրիի միջանցքի կառուցմանը, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ:

Առուշանյանը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Հայաստան» դաշինքի ցուցակով: Նա այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացնում էր, որ եթե անգամ իրեն ձերբակալեն, դա որևէ կերպ չի կարող անդրադառնալ իր սկզբունքների ու հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին ունեցած տեսակետների վրա:

Ավելի վաղ ՀՔԾ-ն Քարահունջի վարչական ղեկավարին մեղադրանք էր առաջադրել մի քանի բնակիչների ընտրակաշառք բաժանելու և նրանց հարկադրաբար «Հայաստան» դաշինքի հանրահավաքին տանելու, իսկ ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար։