Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալեցին

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը վստահեցնում է, որ ապօրինի կերպով են ձերբակալել Առուշ Առուշանյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալել են։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Հենց նոր, ապօրինի կերպով ձերբակալեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` Առուշանյանը հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճնշում է գործադրում իր վրա, որպեսզի ինքը չխանգարի Սյունիքով անցնող Մեղրիի միջանցքի կառուցմանը, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ:

Նշենք, որ Առուշանյանը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Հայաստան» դաշինքի ցուցակով: Նա այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացնում էր, որ եթե անգամ իրեն ձերբակալեն, դա որևէ կերպ չի կարող անդրադառնալ իր սկզբունքների ու հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին ունեցած տեսակետների վրա:

Պատրաստ եմ դատվել, միայն թե մեր ժողովրդին ամեն օր այգուց չտանեն, վախեցնեն. Առուշանյան

Ի դեպ, Գորիսի համայնքապետի դեմ արդեն իսկ քրգործ էր հարուցվել. հունիսի 14-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրության, ընդերքօգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության մեջ։