ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կիրառում են գրեթե 70 երկրներում, սակայն կողմնակի ազդեցությունների հետ կապված վեճերի պատճառով այն մինչ օրս չի արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավանությանը, գրում է Nature ամսագիրը։
Հոդվածի հեղինակները նշում են, որ «Սպուտնիկ V»–ն COVID-19–ի կանխարգելմանն ուղղված առաջին գրանցված պատվաստանյութը դարձավ աշխարհում ու արժանացավ տասնյակ պետությունների հավանությանը, բայց որպեսզի այն գլոբալ տարածվի, անհրաժեշտ է ԱՀԿ–ի թույլտվությունը։ Մի շարք արտասահմանյան համաճարակաբաններ քննադատում էին ռուսական մշակումը արագացված գրանցման համար։
Որոշ մտավախություններ ցրվեցին The Lancet–ի այն հրապարակումից հետո, որ «Սպունտիկ V»–ն 91,6 տոկոսով արդյունավետ է կորոնավիրուսով հիվանդանալը կանխարգելելու համար և 100 տոկոսով օգնում է խուսափել հիվանդության ծանր ընթացքից։ Ավելի ուշ` 2021 թվականի ապրիլին, Գամալեայի ինստիտուտը նոր տվյալներ հրապարակեց, որոնց համաձայն պատվաստանյութի արդյունավետությունը երկու դեղաչափի ներարկումից հետո 97,6 տոկոս է կազմել։
Օտարերկրյա գիտնականների շարունակվող քննադատությունից անկախ` դեղամիջոցը հավանության է արժանացել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հարավային Կորեան, Արգենտինան, Հունգարիան և Հնդկաստանը, իսկ ԱՄԷ–ում նրա արդյունավետությունը գնահատել են 97,8 տոկոս։
ՌԴ–ն ակնկալում է, որ ԱՀԿ-ն ու ԵԲԳ-ն մոտակա ամիսներին կգրանցեն «Սպուտնիկ V»-ն
Հոդվածում նաև հայտնում են, որ «Սպուտնիկ V»–ն, ի տարբերություն AstraZeneca–ի և Johnson & Johnson–ի, ոչ թե մեկ, այլ երկու ադենովիրուս է պարունակում, ինչը բարձրացնում է նրա պաշտպանական հատկությունները։ Բացի այդ, ռուսական պատվաստանյութով պատվաստվելուց հետո ոչ մի երկրում տրոմբոզի դեպքեր չեն հայտնաբերվել, ինչը չի կարելի ասել մյուս երկու պատվաստանյութերի մասին։ Մասնավորապես, Արգենտինայում, Բրազիլիայում և Սան Մարինոյում պատվաստումից հետո որևէ ծանր հետևանքնի մասին չեն հայտնել։
Հոդվածի վերջում հեղինակը գրել է, որ Ռուսաստանում և արտերկրում «Սպուտնիկ V»–ի հետագա ուսումնասիրությունները կարող են ավելի հստակ պատկեր ձևավորել նրա արդյունավետության և անվտանգության մասին։
Ռուսաստանը քննարկում է ՀՀ–ին 1 մլն դեղաչափ «Սպուտնիկ V» մատակարարելու հնարավորությունը