Facebook-ով խոստացել է շտկել վարկային բացասական պատմություններն ու հափշտակել է փողերը

Հափշտակված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու համար հափշտակված գումարները բուքմեյքերական ընկերությունում խաղի միջոցով մաս-մաս պարտվել է ինքն իրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում բացահայտվել է խարդախության ու քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակությունների հերթական գործը, հայտնում են կոիտեից։

Խարդախները թիրախավորում են Արցախի ՊԲ-ի զինծառայողներին

Քննությամբ պարզվել է, որ 34-ամյա տղամարդը 2019-2020 թթ.–ի ընթացքում Facebook սոցիալական կայքում գրանցել է Varker Sev Cucakum Gtnvoxnerin և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» էջեր, որոնցով Messenger հավելվածի միջոցով նամակագրական ու հեռախոսային կապի մեջ է եղել ավելի քան 3 տասնյակ քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից։

Ընթացքում նրանց խոստացել է շտկել բացասական վարկային պատմություններն ու նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ձևակերպել։ Դրա դիմաց նրանցից ստացել է նրանց բանկային քարտերի տվյալներն ու հաշիվներից հափշտակել ընդհանուր 8 222 200 ՀՀ դրամ:

Իսկ հափշտակված գումարների հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով բուքմեյքերական ընկերության 41 կեղծ հաշիվ է բացել ու հափշտակված գումարները խաղի միջոցով մաս-մաս պարտվել իր անվամբ, ապա` կանխիկացրել։

Բացահայտված փաստերի հիման վրա 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքն օրինականացնելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործուղման համար փող են ստացել, բայց աշխատանքի են եղել. խախտումներ` դատական դեպարտամենտում

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին: