ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 4 քաղաքական ուժի դիմումների դատաքննությանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Բադասյանը նշել է, որ առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը` ներկայացված դիմումների կապակցությամբ։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցություն և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքը ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել են հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։ Նրանք պահանջում են կա՛մ ընտրության արդյունքները թողնել անփոփոխ, կա՛մ անվավեր ճանաչել դրանք, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
Դատաքննությունը կսկսվի 2021 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 11։00-ին։