ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտել է լրագրողների նկատմամբ բռնությունները՝ նշելով, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի առջև։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան:
Լրագրողների նկատմամբ բռնության բազմաթիվ փաստեր են տեղի ունեցել երեկ Թբիլիսիում ԼԳԲՏ հակառակորդների՝ անկարգությունների վերածված ակցիայի ժամանակ: Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ բռնության 55 փաստ է արձանագրվել, դրանցից 53-ը ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։
«Անշուշտ, ինձ համար բացարձակապես անընդունելի է բռնությունը, որը մենք երեկ տեսանք։ Եվ ուզում եմ հրապարակավ դատապարտել այդ փաստը։ Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, կտրականապես անընդունելի է։ Լրագրողների նկատմամբ բռնություններն, անշուշտ, անընդունելի են, և դա պետք է դատապարտել», – ասել է Ղարիբաշվիլին լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Նա նշել է, որ ոստիկանությունը շատ ակտիվ աշխատում է, որ բացահայտի և պատժի բոլոր մեղավորներին։ Առավոտյան վարչական իրավախախտման համար երեք մարդ է ձերբակալվել, ևս մի քանիսը երեկ են ձերբակալվել։ «Բոլոր անձինք կնույնականացվեն և, համապատասխանաբար, բոլոր նրանք, ովքեր կատարել են այդ բռնությունը, կպատժվեն», – ընդգծել է վարչապետը:
Բացի այդ, ԼԳԲՏ-ի դեմ ակցիայի ժամանակ վիրավորվել է մի լեհ զբոսաշրջիկ, որի ականջում զայրացած ցուցարարները ականջօղ են տեսել։ Նա դանակի երկու հարված է ստացել կրծքավանդակի ու որովայնի շրջանում: Նրան վիրահատել են, բժիշկները զբոսաշրջիկի վիճակը գնահատում են կայուն։
Վրաստանի մայրաքաղաքում ԼԳԲՏ միջոցառման ժամանակ բախումներ են տեղի ունեցել. տեսանյութ
Վրաստանի ՆԳՆ-ն լրագրողների վրա հարձակման փաստերով քրեական գործ է հարուցվել երկու հոդվածներով՝ «Լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը անօրինական խոչընդոտելը» և «Բռնություն»։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ 8 մարդ է ձերբակալվել։
ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության «Համերաշխության երթ» ակցիան հուլիսի 5-ին նախատեսում էր անցկացնել «Թբիլիսի փրայդ» ՀԿ-ն ու նրանց աջակցող ակտիվիստները: Սակայն արդեն առավոտյան ժամը 11-ից՝ նախատեսված երթից շատ առաջ, Ռուսթավելի պողոտայում հակաակցիա էր սկսվել։ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ և նրանց սատարողներ պողոտայում չեն եղել, և «ավանդական արժեքների պաշտպանների» ագրեսիան ուղղվել է նկարահանող խմբերի ուղղությամբ:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշվել է չեղարկել «Արժանապատվության երթը»։