ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով վնասներ կրած արցախցիներին տրվող գումարների չափն էականորեն կբարձրանա։ Արցախի նախագահ Արայի Հարությունյանը նման հանձնարարական է տվել այսօր՝ ընդլայնված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հրավիրված խորհրդակցության առանցքում ռազմական գործողությունների հետևանքով նյութական վնասներ կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումներն էին։
«Նախագահը նշել է, որ չնայած ստեղծված իրավիճակում կարիքների գնահատումը բարդ և ծավալուն գործընթաց է, ԱՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ջանքեր գործադրեն ծրագիրն իրականացնելու հավասարության, արդարության և ընդհանրության սկզբունքների հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ծրագրի հետ առնչվող մի շարք այլ հարցեր։ Նպատակը ծրագրի շրջանակների ընլայնումն ու պայմանների բարելավումն են։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: