Ի՞նչ հարցով է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. ԱԽ քարտուղարը մանրամասներ է հայտնել

Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ հարցեր հնարավոր չէր քննարկել, սակայն ներկա իշխանություններն ունեն հինգ տարի ժամանակ այդ հարցերն ավելի երկարաժամկետ քննարկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին Մոսկվայում հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգի շուրջ հարցեր են քննարկելու, որի առանցքում անվտանգությունն է։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա ընդգծեց՝ անվտանգության կոնտեքստում է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ քննարկումների օրակարգում են նաև 2020թ–ի նոյեմբերի 9-ի և 2021թ.–ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները։

«Բնականաբար քննարկվելու է սահմանային այս իրավիճակը և լուծումները, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները և նաև այս հարցում դիրքորոշումները, կարող եմ միանշանակ ասել, որ համանման են, և մեր դիրքորոշումները նաև նույնական են այս հարցում։ Վարչապետը պետք է քննարկում ունենա, թե ինչպես ենք առաջ գնում, որ սահմանային հարցը լուծում ունենա»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ քննարկվելու են նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և հնարավոր համագործակցության հարցերը։ Ընդհանուր առմամբ, քննարկվող հարցերի շրջանակը բավականին լայն է՝ անվտանգայինից մինչև առևտրատնտեսական։

Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու համար

Արմեն Գրիգորյանը շեշտեց՝ Հայաստանը մտել է հետընտրական կայունության փուլ։ Նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ հարցեր հնարավոր չէր քննարկել, սակայն ներկա իշխանություններն ունեն հինգ տարի ժամանակ հարցերն ավելի երկարաժամկետ քննարկելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։

Կարևորը անձնական նվիրվածությունն է. փորձագետը` Նիկոլ Փաշինյանի առաջիկա քայլերի մասին