Հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է. ՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել

Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մոնիթորինգն ու վերահսկողությունը 27 դիտակետերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը։ Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր զինծառայող Սաքիթ Դադաշևի վիրավորվելու մասին՝ իբրև թե հայկական ուժերի կողմից գնդակոծության հետևանքով։

Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու համար

Ըստ հաղորդագրության՝ նա ներգրավված էր Աղդամի (Ակնա) շրջանում ճանապարհների բարեկարգման աշխատանքներում։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ հուլիսի 6-ին ՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայկական կողմը կրակ է բացել Աղդամի շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ուղղությամբ:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: