Չարչյանի գործին առնչվող 280 վկայից հարցաքննվել են 60-80-ը․ ի՞նչ ցուցմունք են տվել նրանք

Թեպետ Արմեն Չարչյանն առողջական խնդիրներ ունի, բայց այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik․ «Իզմիրլյան» ԲԿ-ի արդեն նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով կա մոտ 280 վկա, սակայն հարցաքննվել են նրանցից մոտ 60-80-ը։ Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում այսօր ընթանում էր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը։

«Բոլորն էլ մասնակցել են ժողովի․ մի քանի ցուցմունքի եմ հասցրել ծանոթանալ, որևէ անձ չկա, որ կարող է ասել, որ պարոն Չարչյանն իրեն հարկադրել է մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին, և որ պարոն Չարչյանի այդ խոսքերն ընկալել է որպես հարկադրանք։ Հակառակը` բոլորը նշել են, որ Չարչյանի խոսքերն ընկալել են որպես խնդրանք, հորդոր՝ որպես քաղաքացիական պարտքի կատարում»,- նշեց Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ պաշտպանական կողմի գնահատմամբ՝ մեղադրական բնույթի ցուցմունքներ չկան։

Պաշտպանը նաև տեղեկացրեց՝ թեպետ Արմեն Չարչյանն առողջական խնդիրներ ունի, բայց այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Նրա խոսքով՝ առկա էր բժշկական տեղեկանք, որ պարոն Չարչյանը բժշկական հսկողության կարիք ունի, սակայն այդ հսկողությամբ նա այս պահին չի ապահովվում։

Չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի. Արմեն Չարչյանի կինն ընթերցեց ամուսնու ուղերձը

Հավելենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց Չարչյանի պաշտպանների բողոքի քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին` ժամը 12:00-ին:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։