Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան. դատախազություն

Ըստ մեղադրանքի՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով՝ աշխատակիցներին պարտադրել է մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ արդեն նախկին տնօրեն Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է րևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում։

Չարչյանի գործին առնչվող 280 վկայից հարցաքննվել են 60-80-ը․ ի՞նչ ցուցմունք են տվել նրանք

«ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է բժշկական կենտրոնի ղեկավարի կողմից այդ բուժհաստատության աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն առերևույթ պարտադրելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ա. Չարչյանի, այսօր ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան», - նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։