Փաշինյանն ու Պուտինը հանդիպում կունենան Մոսկվայում

Հայտնի է, թե ինչ են քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպման ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Տեղեկացվում է, որ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ոչ ոք շահագրգռված չէ ղարաբաղյան ճգնաժամի զարգացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը. Պուտին

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:

«Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ։

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Հիշեցնենք` Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում ապրիլի 7-ին։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային երթուղիների վերականգնումը, խաղաղապահների օգնությամբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները: