ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում վերադարձնել բոլոր գերիներին

ԱՄՆ-ն գնահատում է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային կայունության ապահովմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik․ Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը և Հայաստանի որոշումը՝ տեղեկություններ փոխանցել Ադրբեջանին ականազերծումը դյուրացնելու համար։ ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հուլիսի 3-ին 15 հայ գերիների վերադարձին։

«Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել վերադարձնել բոլոր գերիներին և փոխանակել հակամարտության շրջաններում արդյունավետ ականազերծում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Մենք պատրաստ ենք աջակցել համագործակցությանն ու տարածաշրջանում դեռևս չլուծված հարցերի կարգավորմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պետք է ստիպել Ադրբեջանին հրապարակել գերիների թիվը, այլապես նրանց կյանքին վտանգ է սպառնում

ԱՄՆ-ն նաև հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, բանակցել հակամարտության համապարփակ ու կայուն քաղաքական կարգավորման համար։

Միացյալ Նահանգները հիշեցնում է, որ հունիսի 12-ին ևս Ադրբեջանի կողմից ազատ արձակվեցի հայ գերիներ, իսկ Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցվեցին ականապատ դաշտերի քարտեզներ։ ԱՄՆ-ն վստահ է, որ իրենց աջակցությամբ իրականացված այս քայլով, որին մասնակցություն ունեցավ նաև Վրաստանը, հիմք դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցությանը։

Ադրբեջանում մեկնարկում են ևս 23 հայ գերիների դատավարությունները

ԱՄՆ-ն գնահատում է նաև տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը։

Հիշեցնենք, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ։

Հուլիսի 3-ին Հայաստան վերադարձած հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Ռուստամ Մուրադովը հայ գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել հայտարարությամբ

Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88-ն էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։