ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության որոշ գնահատականների առնչությամբ։ ԱԽ գրասենյակը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ այսօր տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
«Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ: ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են` Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:
Սահմանների հստակեցումը լինելու է բացառապես մեր հաշվին. ի՞նչ է ստանալու Հայաստանը դրա դիմաց
Զրույցի ավարտին Գրիգորյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:
Զասն իր հերթին շնորհավորել է Արմեն Գրիգորյանին հունիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին լրագրողների հետ զրույցում Զասը նշել էր` Սյունիքում ստեղծված իրավիճակին չեն միջամտելու։ Զասի խոսքով` ՀԱՊԿ ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում (անդամ երկրներից մեկի վրա)։ Այստեղ, ըստ նրա, գործ ունենք սահմանային միջադեպի հետ։