Շիրակցիներին նոր հանդիպում խոստացան, Երևան-Գյումրի մայրուղին բացվեց

Եթե օրեր առաջ գյուղացիները ճանապարհը փակել էին ոռոգման հարցը լուծելու պահանջով, ապա այսօր նրանք արդեն նաև փոխհատուցում էին պահանջում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Մի քանի ժամ Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը փակ պահելուց հետո Շիրակի մարզի բնակիչները երեկոյան բացեցին ճանապարհը` տրված խոստումների ու ոստիկանների հորդորներից հետո։

Ոռոգման ջրի խնդիր այս տարի չի լինի. Նիկոլ Փաշինյան

Ինչպես Շիրակի մարզից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, գյուղացիներին խոստացել են, որ վաղը կամ մյուս օրը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն անձամբ կայցելի Շիրակի մարզ:

Ինչպես արդեն հայտնել ենք, Շիրակի մարզի Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչներն այսօր ցերեկը կրկին փակել էին ավտոճանապարհը` պահանջելով լուծել իրենց ոռոգման ջրի խնդիրը ու փոխհատուցել կրած վնասը։

Հիշեցնենք, որ մարզի մի քանի գյուղերի բնակիչներ հունիսի 29-ին նույն պահանջով կրկին փակել էին ճանապարհը, որը բացվել էր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուների հետ հանդիպումից հետո. նրանք խոստացել էին խնդրին շուտափույթ լուծում տալ։

Ի՞նչ է կատարվում ոռոգման ջրի համակարգում. ֆինանսավորումն ավելացել է, պարտքերը` շատացել

Հավելենք, որ խնդիրը կապված է Կառնուտի ջրամբարի սակավաջրության հետ: Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում այս տարի 210 մլն խմ պակաս ջուր կա, քան 2020-ին։