Սաշուր Քալաշյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

Քալաշյանը Երևանում նախագծել և կառուցել է Մեծ եղեռնի հուշահամալիրը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և այլն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Սաշուր Քալաշյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահը բարձրագույն կոչումներ է շնորհել ՀՀ ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին ու ևս 2 հոգու

85–ամյա Սաշուր Քալաշյանը ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1961-72թթ. աշխատել է Հայպետնախագիծ, 1972-75թթ՝ Երևաննախագիծ ինստիտուտներում: 1976-94թթ եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1995-2000թթ՝ Հայնախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ, 2000թ-ից՝ փոխտնօրենը: 1964-1966թթ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:

 Մի շարք նախագծերի հեղինակ և համահեղինակ է։ Երևանում նախագծել և կառուցել է Մեծ եղեռնի հուշահամալիրը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Գյումրիում «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի պատմաճարտարապետական հուշարձանները, Ձիթողցյանների տունը, Ծաղիկյանների գարեջրի գործարանը և այլն: