Պիտի առաջնորդվել «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով. Փաշինյանը ուղերձ է հղել

Փաշինյանը շեշտել է, որ առաջիկա անելիքների առանցքը ձևակերպված է մեր երկրի Սահմանադրության նախաբանում և առաջին հոդվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով:

Սահմանադրությունը պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին. ՀՀ նախագահն ուղերձ է հղել

«2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի ցույց դրեցին, որ տասնամյակների պայքարից հետո սահմանադրական այս դրույթը Հայաստանում հաստատված է անշրջելիորեն: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այսօր տեսնում է, գիտի, որ ինքը որոշիչ ուժ է, այնպես, ինչպես նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ»,–ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ առաջիկա անելիքների առանցքը ձևակերպված է մեր երկրի Սահմանադրության նախաբանում և առաջին հոդվածում, ըստ որի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն լինելու նյութականացման շուրջ պիտի համախմբվի ազգային լավագույն ներուժը, և այդ համախմբումը պիտի տեղի ունենա համաձայն ժողովրդի կամքի և ոչ թե ի հեճուկս նրա:

«Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության օրակարգերն են, այդ օրակարգերը սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը և կայացումը»,–ասել է նա:

Փաշինյանի խոսքով` այս ընթացքում չի հաջողվի խուսափել երկրի կառավարման համակարգի շուրջ քննարկումներից, բայց այս կարևորագույն հարցում էլ պիտի առաջնորդվել «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով:

Հայասայի հետ հայերի կապը ժխտելը քաղաքական ենթատեքստ ունի. ակնհայտը՝ բանավեճի առարկա

1995 թվականի հենց այս օրը` հուլիսի 5-ին, հանրաքվեի արդյունքում ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը։ Մինչ այդ հիմնական էին համարվում «Հանրապետության նախագահի մասին» ու «Գերագույն խորհրդի մասին» օրենքները։

Հիշեցնենք, որ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն՝ Սահմանադրության օր, իսկ 2013-ին հուլիսի 4-ի կառավարության նիստում ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշումը, ըստ որի` հուլիսի 5-ն այսուհետ նաև պետական խորհրդանիշերի`դրոշի, զինանշանի և օրհներգի օրն է։