Մոսկվայում սկսվել է «Սպուտնիկ V»-ի կլինիկական հետազոտությունը դեռահասների համար

Հետազոտությունը կտևի մեկ տարի: Ամբողջ ընթացքում երեխաները կլինեն բժիշկների մշտական հսկողության տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Մոսկվայում Ն․Ֆ․ Գամալեայի անվան կենտրոնի մասնակցությամբ մեկնարկել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունը 12-17 տարեկանների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի քաղաքապետի սոցիալական զարգացման հարցերի տեղակալ Անաստասիա Ռակովային:

ՀՀ-ն «Սպուտնիկ V»–ի շատ մեծ խմբաքանակ է ստացել, սահմանափակումները հանվել են. Ավանեսյան

Փորձարկումների առաջին և երկրորդ փուլն անցկացվում է Մորոզովի մանկական հիվանդանոցում և Զ. Ա. Բաշլյաևայի անվան մանկական հիվանդանոցում:

«Հետազոտության համար մենք արդեն հավաքել ենք մասնակիցների նախատեսված թիվը՝ 100 մարդ։ Այսօր սկսվել է առաջին կամավորների բժշկական հետազոտությունը»,- ասել է քաղաքապետի տեղակալը։

Իմունիզացիան իրականացվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութով, որն արդեն իսկ օգտագործվում է 18 տարեկանից բարձր մարդկանց համար, բայց՝ ավելի փոքր դեղաչափով: Ուսումնասիրությունը կտևի մեկ տարի՝ մեկնարկից սկսած։ Ողջ ընթացքում երեխաները բժիշկների մշտական հսկողության տակ կլինեն։

Հայտնի է` Հայաստանում քանի մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

«Պատվաստման համար առաջին և երկրորդ դեղաչափերի ներարկումից հետո դեռահասները երեք օր կգտնվեն ստացիոնարում՝ մեկուսացված հիվանդասենյակում, որտեղ նրանց ևս մեկ անգամ կհետազոտեն պատվաստումից առաջ, ապա կհետևեն նրանց ինքնազգացողությանը։ Այնուհետև նրանք պետք է ևս մի քանի անգամ հիվանդանոց այցելեն՝ անալիզներ հանձնելու համար»,-ավելացրել է Ռակովան։

Երեխաները նաև ինքնազգացողության օրագիր կվարեն հատուկ բջջային հավելվածում, իսկ բժիշկները նրանց վիճակը կվերահսկեն հեռախոսով:

«Սպուտնիկ V»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է

Հետազոտությանը մասնակցում են այն դեռահասները, որոնք նախկինում չեն հիվանդացել կորոնավիրուսով, չունեն դեղամիջոցի նկատմամբ հակացուցումներ կամ բժշկական սահմանափակումներ: Պատվաստվել չի կարելի, եթե իմունիզացիայից երկու շաբաթ առաջ մարդը սուր շնչառական վարակներ էր տարել կամ ուրիշ պատվաստում ստացել առնվազն 30 օր առաջ:

Փորձարկումների երրորդ փուլը կանցկացվի Մոսկվայի մանկական պոլիկլինիկաներում, կմասնակցի 250 մարդ, որոնց կսկսեն ընտրել այս տարվա ամռան վերջին: Հետազոտության արդյունքներից ելնելով` որոշում կընդունվի դեռահասներին Covid-19-ի դեմ պատվաստումների ծրագրում ներառելու մասին:

Կարևորը՝ արագ․ Մոսկվայում պատվաստում են աշխատանքային միգրանտներին

Հիշեցնենք` Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 2020 թ․-ին օգոստոսին գրանցեց «Սպուտնիկ V»-ն՝ կորոնավիրուսային վարակը կանխող առաջին պատվաստանյութը աշխարհում։ Դեղամիջոցը մշակել էր Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնը։

«Սպուտնիկ V»-ն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների ստուգված և լավ ուսումնասիրված հարթակի վրա։ Դրա արդյունավետությունը 3,8 միլիոն պատվաստված ռուսաստանցիներին տվյալների վերլուծության արդյունքում կազմել է 97,6 տոկոս։ Դա ավելին է, քան The Lancet բժշկական ամսագրում հրապարակված տեղեկությունը (91,6%)։

Ալերգիկ հիվանդություններ ունեցողները ե՞րբ կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ