ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. 2021 թվականի հուլիսի 1-ին Սնանկության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։
Ըստ կայքի` բանկերից մեկը դիմել է սնանկության դատարան և հարկադիր սնանկացման է տանում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին: Հարցն այն է, որ նախկին պատգամավորը ավելի քան 5 միլիոն դրամ է պարտք բանկին, որը չի կարողացել վճարել, ինչի համար էլ բանկը դիմել է դատարան:
Դատարանը ծանուցումներ է ուղարկել Մովսիսյանին` տրամադրելով 15–օրյա ժամկետ իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները վերադարձվել են դատարան` առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով` «Չպահանջված»:
Արդյունքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու վայրը բացահայտել հնարավոր չէ, ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:
Ինչպես է ԱԱԾ–ն մտել Շմայսի տուն ու խուզարկություն իրականացրել. տեսանյութ
Հետևաբար նկատի ունենալով, որ ֆիզիկական անձ պարտապանը բացակայում է իր բնակության վայրից և վերջինիս բնակության վայրը չի բացահայտվել` դատարանը գտնում է, որ Առաքել Աբրահամի Մովսիսյանի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը 2004-2007թթ. Ազգային ժողովի պատգամավոր է եղել (թիվ 27 ընտրատարածք). խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել:
2007-12թթ. արդեն ՀՀԿ-ի ցուցակով է պատգամավոր դարձել։