Նուբարաշենի և Արարատ քաղաքի աղբավայրերում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Երկու աղբավայրերում էլ դեռ նախորդ ամսին էր հրդեհ բռնկվել. պարբերաբար նոր օջախներ են ի հայտ գալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հայաստանյան երկու` Նուբարաշենի և Արարատ քաղաքի աղբավայրերում, փրկարարները շարունակում են հերթապահել և հրդեհի նոր օջախները մարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում

Նշենք, որ երկու աղբավայրերում էլ դեռ օրեր առաջ էր հրդեհ բռնկվել։

«Հուլիսի 4-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մոտ 3000 քմ տարածքում իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ Արարատ քաղաքի աղբավայրում։ Առկա են ծխացող օջախներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ էլ հերթապահություն է իրականացնում Նուբարաշենի աղբավայրում․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 ջրատար։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին, ժամը 21։03-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի աղբավայրում։ Հունիսի 26-ին, ժամը 18։46-ին էլ ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։