2016 թվականից հայ-չինական հարաբերությունները լճացած են, քանի որ Հայաստանը չունի Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու սեփական ճանապարհային քարտեզ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց չինագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը։
«Իրականում հայ-չինական հարաբերությունները զարգացնելու պոտենցիալ կա։ Օրինակ` կարելի է Չինաստանի հետ համագործակցել «Մետաքսի թվային ճանապարհի» շրջանակում։ Խոսքը տեխնոլոգիաների զարգացման մասին է, պարզապես Հայաստանը չի հասկանում` կոնկրետ ինչ առաջարկել Չինաստանին, ինչպես զարգացնել այդ հարաբերությունները»,- ասաց նա։
Նրա խոսքով` վերջին պատերազմում մեր պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ Հայաստանը տեխնոլոգիապես 40-50 տարով հետ է մնացել համաշխարհային տենդեցներից։ Իսկ այս ոլորտում աշխարհի հետ քայլելու համար հնարավոր չէ մեկ օրում հեղափոխություն անել։ Սահակյանն ասում է` պետք է սկսել համագործակցել տեխնոլոգիական մեծ հաջողություններ արձանագրած երկրների, այդ թվում` Չինաստանի առաջարկած «Մետաքսի թվային ճանապարհի» շրջանակում։
«Կարելի է անդամակցել, կարելի է փորձել Չինաստանի հետ որոշակի տեխնոլոգիական փորձի փոխանակում կատարել։ Օրինակ` Հայաստանում ստեղծել հայ-չինական տեխնոլոգիական համալսարան, որ Հայաստանը ժամանակ ունենա և կարողանա պատրաստել սեփական կադրեր, զարգացնել իր տեխնոլոգիաները»,- նշեց Սահակյանը։
Նույն նախաձեռնության շրջանակում Չինաստանը հնարավորություն է ընձեռում նաև «Սինովակի» արտադրությամբ զբաղվել. Արդյունքում` ՀՀ բնակչությունը կապահովվի պատվաստանյութով, իսկ հետագայում այդ պատվաստանյութերը հնարավոր կլինի Մերձավոր Արևելք, ԵԱՏՄ երկրներ արտահանել։
Երևանի նոր ավտոբուսները Չինաստանից կժամանեն աշնանը. Մարությանը տեսանյութ է հրապարակել
Սահակյանի կարծիքով` այս ամենը չի արվում, քանի որ բոլոր նրանք, ովքեր հայ-չինական հարաբերությունները զարգացնելու համար աշխատավարձ են ստանում, չունեն գիտելիքների անհրաժեշտ պաշար, չեն տիրապետում չինարենին, չինական քաղաքակրթությանն ու ավանդույթներին։