«Հիանալի լուր Բաքվից և Երևանից». Կլաարի արձագանքը` քարտեզների դիմաց գերիների վերադարձին

Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է 15 հայ գերիների վերադարձին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը ողջունել է Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից 15 գերիների ազատ արձակումը: Նա թվիթերյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով այս թեմային։

«Բերնիդ մեռնեմ»․ ինչպես արձագանքեցին գերիների հարազատները` լսելով նրանց վերադարձի լուրը

«Հիանալի նորություններ Բաքվից և Երևանից։ Լավ է, որ ավելի շատ ձերբակալվածներ ազատ արձակվեցին։ Կարևոր է նաև, որ ականապատ տարածքների քարտեզներ են տրամադրվել, ինչը կօգնի կանխարգելել հնարավոր դժբախտ դեպքերը»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ հայրենիք վերադարձան ևս 15 գերի. հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

Հավելենք, որ հենց ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել Բաքվի դատարանի կողմից դատապարտված Հայաստանի 12 քաղաքացիներից բացի՝ ևս երեք ռազմագերիների ընդգրկել ցուցակում:

Հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Ռուստամ Մուրադովը հայ գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել հայտարարությամբ

Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88-ն էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։