ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների տրամադրումն Ադրբեջանին։ Լինեդեն թվիթերյան իր էջում է նման գրառում արել։
«Այս հարցում բարձր եմ գնահատում ռուսական կողմի միջնորդությունը: Հուսով եմ՝ վստահության ամրապնդումը կարող է ճանապարհ հարթել կայուն կարգավորման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- հավելել է Լինդեն։
Հիշեցնենք, որ երեկ հայրենիք վերադարձան ևս 15 գերի. հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։
Հավելենք, որ հենց ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել Բաքվի դատարանի կողմից դատապարտված Հայաստանի 12 քաղաքացիներից բացի՝ ևս երեք ռազմագերիների ընդգրկել ցուցակում:
Հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։
Ռուստամ Մուրադովը հայ գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել հայտարարությամբ
Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88-ն էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։