Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար 76 ընտանիք է տեղափոխվել

Ընդհանուր առմամբ, Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է թվով 376 մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. 2021 թվականի հունիս ամսում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի Արցախ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 8 ընտանիք (թվով 39 մարդ)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը` ֆեյսբուքյան էջում գրառում կատարելով։

Տեղահանվածները տուն կունենան. Արցախում մեկնարկում է բնակարաններով ապահովելու ծրագիրը

«10 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է»,–նշված է գրառման մեջ։

Ընդհանուր առմամբ, Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 76 ընտանիք (թվով 376 մարդ)։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին` Փախստականների համաշխարհային օրվա վերաբերյալ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ պատերազմի հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանվել և Հայաստանում էր հաստատվել մոտ 90 000 արցախցի, որից 88 տոկոսը կանայք և երեխաներ էին։

Ավելին, նրանցից շատերը կրկնակի տեղահանվածներ են, որոնք բռնի տեղահանվել էին 1990-ական թթ․ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի արդյունքում ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո անցած և էթնիկ զտումների ենթարկված բնակավայրերից։

Ստեփանակերտում 10 000 տեղահանված կա. քաղաքապետը հայտնել է` տարեվերջին քանիսը տուն կստանան