Միջազգային իրավունքով արգելված պատիժ. Թաթոյանը խոսել է հայ ռազմագերիների դատավճռի մասին

ՀՀ ՄԻՊ-ի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ իրականում տեղի են ունենում քաղաքական սակարկություններ ու մարդկանց առևտուր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք: Նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են: Այս կարծիքն է Facebook–ի իր էջում հայտնել ՀՀ մարդու իրավունքի պաշտպան Արման Թաթոյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, Բաքվում այսօր ավարտվել է հայ ռազմագերիների դատավարությունը։ Դատարանը Ավագյանին ու Սերոբյանին դատապարտել է 4 տարվա, մյուսներին ՝ 6 ամսվա ազատազրկման:

Ինչպես է հնարավոր ապահովել հայ գերիների վերադարձը. Սահակյանը` ՄԻԵԴ–ի գործունեության մասին

«Ակնհայտ է, որ այս «դատավարությունները» արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են: Նրա համար են, որ Ադրբեջանում ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ»,–գրել է ՀՀ ՄԻՊ–ը։

Նա տեղեկացրել է, որ մշտադիտարկումը ցույց է տալիս, որ իրականում տեղի են ունենում քաղաքական սակարկություններ ու մարդկանց առևտուր. օրինակ՝ այս փաստը հաստատող անհերքելի ապացույց՝ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութը:

Իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին գերիների և անհայտ կորածների ընտանիքներից շարունակաբար ուղղվող բողոքներն ու ահազանգերն ակնհայտ վկայում են, որ դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում, ավելի ցավալի են դարձնում մարդկանց ապրումները:

«Ցանկացած, այսպես կոչված, դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան»,–նկատել է նա:

Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել հայ գերիներին, բայց շատ կեղտոտ նախապայմանով. Զոհրաբյան

Նա նշել է, որ առկա բոլոր փաստերը և ադրբեջանական իշխանությունների պահվածքը բացահայտ արհամարհանք է միջազգային ողջ հանրության նկատմամբ, խաթարում է տասնյակ տարիներով մշակված միջազգային մարդասիրական իրավունքի համակարգը:

Թաթոյանն ընդգծել է, որ բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի: