Իմքայլականները շունչները պահած սպասում են Փաշինյանի որոշմանը. «Ժողովուրդ»

Օրաթերթի տեղեկություններով՝ պատգամավորներից շատերը մամուլից են իմանում, թե ինչ վերադասավորումներ կարող են լինել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում դեռ աժիոտաժ է տիրում: Բանն այն է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ղեկավար կազմից ոչ ոք չի հանդիպել նրանց հետ և չի քննարկել հետագա անելիքները կամ ապագան: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Երևանի քաղաքապետների արտառոց ազատումները. կարևոր չէ` ոնց ես աշխատել, կարևորը` ՔՊ–ին գովես

Թերթի տեղեկություններով՝ իրավիճակը պատգամավորներին դուր չի գալիս նաև այն պատճառով, որ նրանցից շատերը մամուլից են իմանում, թե ինչ վերադասավորումներ կարող են լինել:

Առավել ևս ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում հետաքրքրություն չի ցուցաբերել իր խմբակցության նկատմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն գրել է, թե ովքեր են, օրինակ, ԱԺ նախագահի, փոխնախագահի կամ խմբակցության ղեկավարի հավակնորդները:

ՔՊ–ում թեժ քննարկումներ են. ո՞վ է այս պահին խմբակցության ղեկավարի հավանական թեկնածուն

Օրինակ՝ խմբակցությունում դեմ են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ղեկավարի ֆրակցիան, քանի որ տարբեր մարդիկ նրա հետ կոնֆլիկտ են ունեցել, Արփի Դավոյանին ևս համաձայն չեն՝ նույն հանգամանքից ելնելով, իսկ ինչ վերաբերում է Հայկ Կոնջորյանին, ապա նրան ճամբարափոխ և անվստահելի են համարում (վերջինս Էդմոն Մարուքյանի սանիկն է, ԼՀԿ-ից է «Իմ քայլ» տեղափոխվել):

«Մի խոսքով` չի գտնվել դեռ այն թեկնածուն, որի շուրջ սիրով կհամախմբվեն: Բոլորը շունչները պահած սպասում են, թե երբ Նիկոլ Փաշինյանը կգա և կհանդիպի իրենց: Նշենք, որ կադրային հարցերը քննարկվում են բացառապես ՔՊ վարչությունում՝ հնարավորինս սեղմ շրջապատում»,-գրում է թերթը։

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.91%) ու «Հայաստան» դաշինքը (21.09%)։

«Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Վերլուծելու են սխալները. Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը համագումար կանցկացնի