ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Կատալոնիայում ապրիլի 24-ը կարող է հիշատակի օր հռչակվել։ Այս հնարավորության մասին խոսվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի և Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոռասի հանդիպման ընթացքում։ ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայկ Չոբանյանն Իսպանիայի Թագավորություն է մեկնել Բարսելոնայում տեղի ունեցող «MWC Barcelona» միջոցառմանը մասնակցելու։
Տիկին Բոռասը հայտնել է, որ մայիսի 17-ին ինքը և այլ խորհրդարանականներ հանդիպել են Կատալոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ապրիլի 24-ը՝ հիշատակի օր հռչակելու հարցը։ Նա նշել է, որ սա իրականացման ընթացքի մեջ է։
Մայիսի 27-ին նաև Կատալոնիայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն, որով Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին ապրիլի 24-ի կապակցությամբ
Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել Կատալոնիայի հայկական համայնքի նկատմամբ Կատալոնիայի իշխանությունների բարեկամական և աջակից վերաբերմունքի համար։
«Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Կատալոնիայի խորհրդարանի բարեկամական դիրքորոշումը և՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, և՛ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո ունեցած դիրքորոշման, կատարած հայտարարությունների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Չոբանյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Կատալոնիայի միջև համագործակցության զարգացման մեծ հնարավորություններ կան, որոնք իրացված չեն։ Նրա կարծիքով՝ սա լավ հնարավորություն է այս ուղղությամբ նոր ակտիվ գործունեություն սկսելու։