ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ ՀՀ կառավարությունն այս առիթով հանդես է եկել հայտարարությամբ։
«Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կառավարությունը հրապարակել է Հայաստան վերադարձած 15 հայ գերիների ցուցակը․ նրանք բոլորը Շիրակի մարզից են։
1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի - Շիրակի մարզ
2. Ասատրյան Գևորգ Նորայրի - Շիրակի մարզ
3. Գասպարյան Գոռ Վահրամի - Շիրակի մարզ
4. Ենգոյան Սիսակ Գրիշայի - Շիրակի մարզ
5. Կարապետյան Յուրի Տիգրանի - Շիրակի մարզ
6. Մահտեսյան Էդգար Վաչագանի - Շիրակի մարզ
7. Մինասյան Արամ Գառնիկի - Շիրակի մարզ
8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի - Շիրակի մարզ
9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի - Շիրակի մարզ
10. Պողոսյան Արմեն Եղիազարի - Շիրակի մարզ
11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի - Շիրակի մարզ
12. Սեֆիլյան Կամո Կարենի - Շիրակի մարզ
13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի - Շիրակի մարզ
14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի - Շիրակի մարզ
15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի - Շիրակի մարզ
ՀՀ կառավարությունը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար։
Ինչպես արդեն հայտնել ենք` տղաները հայրենիք վերադարձան Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։ Նրանց անուններն արդեն հրապարակել ենք։
Նշենք, որ հենց Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել Բաքվի դատարանի կողմից դատապարտված Հայաստանի 12 քաղաքացիներից բացի ևս երեք ռազմագերիների ընդգրկել ցուցակում: Հենց այդ բանակցությունների պատճառով էլ այսօր ձգձգվել է ինքնաթիռի թռիչքը Բաքվից։
Հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։
Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել են առաջադրված մի շարք այլ հոդվածներով:
Նրանց ազատազրկման ժամկետն ավարտվել է։
Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։
Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիների նոր խումբ է բերում Երևան
Հիշեցնենք՝ 15 հայ ռազմագերիների նախորդ խումբը հայրենիք էր վերադարձվել հունիսի 12-ին՝ Վրաստանի տարածքով։
Այն ժամանակ գերիների վերադարձի դիմաց ադրբեջանական կողմին հանձնվեցին Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատ դաշտերի քարտեզները։
Փաշինյանը հրապարակել է Ադրբեջանից վերադարձող 15 գերիների լուսանկարը