Արդեն ինքնուրույն ուտում է. 80% այրվածքներ ստացած 8-ամյա Վահեի ձեռքբերումը 1,5 տարում

Փոքրիկ Վահեն 1 տարի անցկացրել է հիվանդանոցում, արդեն 16 վիրահատություն է տարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Մեկուկես տարի անց վթարի հետևանքով 80% այրվածքներ ստացած 8-ամյա Վահեն արդեն ինքնուրույն սնվում է և խմում։ Ուրախ լուրը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի ծառայությունը։

Երևանում մեքենա է այրվել ավտոտնակում. այրվածքներով հոսպիտալացվածներից մեկը երեխա է

Sputnik Արմենիան պատմել էր փոքրիկ Վահեի պատմությունը։ Մեկ տարի առաջ ապրիլին Ալավերդի քաղաքում ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան ձորն էր ընկել ու բռնկվել։ Ընտանիքի 4 անդամներից միայն Վահեն էր այդքան շատ վնասվածք ստացել` մարմնի 80%-ի ախտահարմամբ այրվածքներ։ Հայրը, մայրը, քույրն ու եղբայրը քիչ են տուժել։ Ապրիլի 28-ին Վահեն ընդունվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք` 60 տոկոս մարմնի և 20 տոկոս շնչուղիների այրվածքներով։ Երեխայի վիճակը գրեթե անհույս էր. նաև այրվածքաբանների կողմից է գնահատական տրվել, թե հնարավոր է` մի քանի օրից մահանա։

Համակարգված աշխատանքի ու մասնագետների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ տղային դուրս բերել այդ վիճակից։ Իհարկե հեշտ չի անցել 1 տարվա բուժման ընթացքը. փոքրիկ Վահեն ամիսներ շարունակ երակով էր սնունդ ստանում, ձեռքի ու ոտքի մատները չէին առանձնանում...

Պայթյուն` Երևանի տներից մեկում. այրվածքներով 26–ամյա աղջիկ է հոսպիտալացվել

Այս մեկ տարվա ընթացքում տղան 15-ից ավելի վիրահատություն է տարել: Ապրիլին, երբ Sputnik Արմենիան Վահեի մասին հոդված էր պատրաստում, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վահեն դեռ չի կարողանում խոսել, քանի որ շնչափողի մեջ տրախիոստոմիկ խողովակ է դրված, որպեսզի բերանի պարունակությունը շնչուղիներ չլցվի։ Սակայն դրանից ազատվելն էլ մի քանի ամիսների հարց է։

Դրա համար տղային ևս մեկ բացառիկ վիրահատություն է սպասվում։

Նախորդ ամիս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ռուս պրոֆեսորի մասնակցությամբ մեր երկրի վիրաբուժության մեջ աննախադեպ համարվող, բարդ վիրահատություն է արվել: Կատարվել է շնչափողի ցիրկուլյար մասնատում և կերակրափողի պլաստիկա: Այն կատարել են պրոֆեսոր Ալեքսանդր Ռազումովսկին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու բժշկական կենտրոնի թիմը: