ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքը ևս պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։
«Քիչ առաջ Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով»,–գրել է նա։
Նշենք, որ Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները։
Այսպիսով 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանը ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ կապված 4 դիմում։